Նորություններ

Քննարկում Հայաստանում բնակարանային ֆինանսավորման, էներգոարդյունավետության և միկրոֆինանսավորման ոլորտների վերաբերյալ

Քննարկում Հայաստանում բնակարանային ֆինանսավորման, էներգոարդյունավետության և միկրոֆինանսավորման ոլորտների վերաբերյալ

Ս/թ դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստանում բնակարանային ֆինանսավորմանը վերաբերող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպման բացմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պարոն Ներսե Երիցյանը:

Քննարկումը կազմակերպվել է Ազգային Հիփոթեքային Ընկերության և Ֆրանսիական Զարգացման Գործակալության հետ համատեղ նախաձեռնված ծրագրի շրաջանակում` ուղղված Հայաստանում միջին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային բարելավման և էներգոարդյունավետության բարձրացման վարկերի մատչելիության բարձրացմանը: Նախատեսվող ծրագիրը իրականացվելու է Ազգային Հիփոթեքային Ընկերության միջոցով ՀՀ ամբողջ տարածքում: Ներկայումս ԱՀԸ համագործակցում է տասնինը գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել մրցակցությունը հիփոթեքային վարկավորման ոլորտում և վարկերը հասանելի դարձնել ՀՀ ողջ տարածում:

Ծրագրի նախապատրաստական  փուլում Ամերիա խորհրդատվական ընկերության կողմից իրականացվել է Հայաստանում բնակարանային ֆինանսավորման, էներգոարդյունավետության և միկրոֆինանսավորման ոլորտի հետազոտություն, որի արդյունքները և հանդիսացան քննարկման առարկա: Հետազոտությունը ֆինանսավորվել է Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից և նպատակ ունի բացահայտել ՀՀ բնակչության, հատկապես միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային պայմանների ներկա վիճակը, բնակարանային պայմանների բարելավման, այդ թվում նաև էներգոարդյունավետության բարձրացման պահանջարկը: Այսպես. ըստ հետազոտության արդյունքների`տնային տնտեսությունների տասներկու տոկոսը պատրաստ է առաջիկա երեք տարվա ընթացքում հիփոթեքային վարկ վերցնել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր ելույթում կարևորել է նման ծրագրի մեկնարկումը ՀՀ-ում և մաղթել հաջողություններ ծրագրի ներդրման հետ կապված  աշխատանքներում: Պարոն Ռենոն հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպում-քննարկումը թույլ կտա նոր ուղղիներ գտնել փոքր և միջին եկամուտ ունեցող տնային տնտեսություններին վարկերը մատչելի դարձնելու գործում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պարոն Ներսես Երիցյանն իր բացման խոսքում կարևորել է հիփոթեքային վարկավորման դերը բնակչության բնակարանային պայմանները բարելավելու գործում, բարձր գնահատել միջազգային զարգացման գործակալությունների դերը այս ոլորտում: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի կառավարությանը, պարոն Երիցյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի մեկնարկվող ծրագիրը երկարատև համագործակցության հիմք է ստեղծում և չի սահամանփակվի միայն հիփոթեքային ոլորտով:

Այլ նորություններ